Ուկրաինայի առաջնությունը ծայրահեղ անհաջող սկսած Դոնեցկի «Մետալուրգը» այսօր ընդունել էր «Մետալիստին»: Վլադիմիր Պյատենկոյի թիմը նախորդ երեք խաղերում ցավալի պարտություններ էր կրել և կարող էր չորրորդ անընդմեջ պարտությունը կրել, քանի որ մինչ 71-րդ րոպեն «Մետալիստը» հաղթում էր 2:0 հաշվով:
«Մետալուրգի» մեկնարկային կազմում էին Արտակ Եդիգարյանն ու Գևորգ Ղազարյանը, իսկ Կառլեն Մկրտչյանը հայտավորված էր պահեստայինների նստարանին:
Հանդիպումն անհաջող սկսեց Դոնեցկի թիմը և արդեն 35-րդ րոպեին հաշիվն էր 0:2: «Մետալիստի» կազմում երկու գոլերն էլ իր հաշվին գրանցեց Շավիերը: Երկրորդ խաղակեսում մետալուրգցիներն ակտիվացան և 71-րդ րոպեին Եդիգարյանի շատ վտանգավոր հարվածը դարպասապահը հետ մղեց ուղիղ Բարանովսկու ոտքերի տակ և հաշիվը կրճատվեց:
Մրցավարի կողմից ավելացրած րոպեներին Դրաման Տրաորեն կարողացավ հավասարեցնել հաշիվը և կարևոր մեկ միավոր վաստակել:
Ղազարյանն ու Եդիգարյանը հանդիպումն անցկացրին առանց փոխարինման, իսկ Մկրտչյանը խաղադաշտ չմտավ: